13 սեպտեմբերի 2019 - 10:47 AMT
Փաշինյան․ Նոր գրանցված աշխատողները 6 մլրդ դրամի եկամտահարկ են վճարել

2018 թվականի մայիսից մինչև 2019-ի սեպտեմբեր 65,037 նոր գրանցված աշխատող է ի հայտ եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե 65,037գրանցված աշխատողին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11,536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52,874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627», - գրել է նա։

Ըստ Փաշինյանի՝ 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է:

«Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է: Ընդհանուր առմամբ, նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ», - եզրափակել է վարչապետը։