13 սեպտեմբերի 2019 - 16:23 AMT
Քոչարյանի աջակիցների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքով քրգործ կա

Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում միջադեպին հաջորդած իր գործողությունների քննադատության առնչությամբ:

Միջադեպի արդյունքում մեկ անձ հիվանդանոց էր տեղափոխվել։ Նրան մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման էին ենթարկվել ակցիայի մասնակիցներից մի քանիսը։ Ըստ ոստիկանության՝ նրանք հրաժարվել են բացատրություն տալ։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։

Այնուհետև Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելուն կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելուն, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում: Պատժվում է 7 տարվա ազատազրկմամբ:

Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո դատարանի բակում միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում տուժած քաղաքացին տեղափոխվել էր հիվանդանոց, նրա ոտքը պատրաստվում էին վիրահատել։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, վասվախքաբան-օրթոպեդ Արմեն Բդոյանը։