18 սեպտեմբերի 2019 - 11:32 AMT
Կոնգրեսական Սպիրն առաջարկում է ՀՀ-ին լրացուցիչ $40 մլն-ի օգնություն տրամադրել

Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարվել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախագծով, Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ $40 մլն-ի օգնություն: Այս նախաձեռնության հեղինակը կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանն է, ով երեկոյի ընթացքում նշել էլ, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Կանչելյանի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի ու ամբողջ աշխարհի համար և ՀՀ-ն այժմ ունի 3 հիմնական մարտահրավեր՝ հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ ստեղծել սեփական քաղաքացիների համար։ Նա կարևորել է կոռուպցիայի ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, նշել, որ մարտահրավերները հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար:

Կոնգրեսականը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության հետ գործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ:

«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»,- ասել է Կանչելյանը:

Կոնգրեսականը նաև ընդգծել է, որ միշտ հպարտացել է հայկական արմատներով և միշտ հավատացել է հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը: