18 սեպտեմբերի 2019 - 12:42 AMT
Տոնոյան․ Ապրիլյանի հետքերով նոր հրաժարականների մասին հնարավոր է խոսել միայն հանձնաժողովի աշխատանքից հետո

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հնարավոր պաշտոնանկությունների մասին որոշում կկայացվի միայն հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին է հայտարարել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ իրեն չեն հրավիրել հանձնաժողով, սակայն որոշակիորեն տեղեկացված է աշխատանքներից և ՊՆ-ն դեռևս տեղեկություններ է փոխանցում հանձնաժողովին:

Նրա խոսքով՝ դրանք բավարար են լինելու եզրակացություն անելու համար, իսկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում «ցավոտ անակնկալներ» չեն լինի:

Տոնոյանը նշել է, որ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016-ին սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել: ՊՆ ղեկավարի խոսքով՝ հնարավոր են քրեական գործեր, բայց այս փուլում այդ մասին տեղեկություններ չկան: