18 սեպտեմբերի 2019 - 17:08 AMT
Գորգիսյան. Թովմասյանի լիազորությունների դադարեցումը չպետք է քաղաքական որոշում լինի

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, այն որակելով ՍԴ-ի շուրջ «հորինված և մտացածին ճգնաժամ» լուծելու փորձ:

Պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չի եղել և չկա, իսկ ՍԴ դատավորի հրաժարական պահանջելը պետք է հիմնավորված լինի:

«Ցավում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե երկրում ինչ է կատարվում»,- ասել է Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրությամբ ասվում է, թե որ պարագայում Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ-ին՝ ՍԴ անդամին պաշտոնից հեռացնելու մասին:

«ՍԴ-ն պետք է որոշում կայացնի՝ հանո՞ւմ է անդամին, թե՞ ոչ։ Որոշումը մեզ տալուն պես՝ մենք գնահատական կտանք, բայց պնդում եմ, որ դա չպետք է լինի քաղաքական որոշում։ Եթե մենք հասնենք այնտեղ, որ քաղաքական դրդապատճառներով պետք է դատավորներ փոխվեն, ուրեմն մենք շատ հեռու կգնանք ժողովրդավարությունից»,- նշել է պատգամավորը:

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել։