19 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT
ԱՄՆ 3 կոնգրեսական կայցելեն Արցախ

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոունը հոկտեմբերի 1-ին Հայաստան կատարելիք մեկշաբաթյա այցի շրջանակում կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնութունը որոշել է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը: Կոնգրեսական Ջուդի Չուն նշել է, որ այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն: Կոնգրեսականը փարձելու է նաև հավելյալ 6 միլիոն դոլար օգնություն ապահովել Ղարաբաղին:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոունը նշել է, որ սա ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո, և իրենց խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին:

Փալոունի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Հայաստանյան այցի շրջանակում կոնգրեսականները նախատեսում են տեղացի գործընկերների հետ քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: