19 սեպտեմբերի 2019 - 14:30 AMT
Արմավիրի և Արարատի մարզերում ջուր խնայելու համար մի քանի հոր կփակվի

Կառավարությունն ընդունել է Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանում ջրի կորուստը կրճատելուն ուղղված որոշման նախագիծը։ Նպատակի Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերը լուծարելը կամ կոնսերվացնելն է։ Նախատեսվում է լուծել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդիրը:

Այս աշխատանքների համար շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Նախատեսվում է կոնսերվացնել 97 խորքային հոր, ևս 8-ը կլուծարվի։ Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել տարեկան շուրջ 30.0 մլն խմ ջուր։

Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի հետ կապված խնդիրը Խնդիրը ծագել է 2006թ.-ից, երբ այնտեղ սկսեցին բացվել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակում ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը:

2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: