20 սեպտեմբերի 2019 - 13:42 AMT
Բաբայան. Ասկերովին և Գուլիևին փոխանակելը կհարվածի հայոց պետականությանը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հայ գերիներով փոխանակելը մեծ հարված է հասցնելու հայոց պետականությանը:

Այդ մասին է նա հայտարարել PanARMENIAN.Net-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որտեղ նա չէր բացառել, որ հայկական կողմը՝ Ստեփանակերտի համաձայնությամբ, կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի դիվերսանտների հետ։

Բաբայանը նշեց՝ այդպիսի քննարկման իրավական, քաղաքական հիմքեր կարող են լինել: «Պաշտպանության նախարարը խոսել է այդ մասին, բայց ինքն ասել է, որ դա Արցախի սուվերեն իրավունքն է, և սա ճիշտ մոտեցում է: Համապատասխան գրություն եկել է ՀՀ-ին, այո՛, սխալ հասեցով է եկել: Ադրբեջանը հատուկ է ուղարկել Հայաստանին, որ ցույց դա, որ ՀՀ-ն ագրեսոր է, որ Արցախը չկա որպես պետություն. սա իրենց քաղաքականությունն է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Խոսելով ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին Հայաստանի՝ Ադրբեջանում գտնվող քաղաքաքացիների հետ փոխարինելուն մասին, Բաբայանը նշեց, որ Արցախն այդ տարբերակին բացասական է վերաբերում, և նման լուծումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ:

«Եթե այդ տարբերակին համաձայնենք, սարափելի հետևանքներ է ունենալու և՛ տարածաշրջանի, և մեզ համար: Նախևառաջ, այդ ահաբեկիչների հետքաշումը մեծ հարված է լինելու հայոց պետականության, Արցախի պետականության իմիջին, մեր բարոյահոգեբանական արժեհամակարգին: Երկրորդը՝ մեծ դժգոհություն է առաջացնելու ներսում. ո՞նց ենք նայելու Ցականյանների ընտանքի, հազարավոր այլ մարդկանց աչքերին»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը նաև նշեց, որ Գուլիևին և Ասկերովին Ադրբեջան վերադարձնելով փաստորեն, կստացվի, որ չեղարկվում է դատական համակարգի որոշումը։ Բացի այդ՝ նրանց վերադարձը նոր թափ է տալու ահաբեկչությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ՝ քննակելով Ադրբեջանում գերված ՀՀ քաղաքացիների հարցը: Նախարարն ասել էր, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին իրենց տները վերադարձնելու գործընթացին աջակցելուն։ Տոնոյանը չէր բացառել, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ:

Դրանից առաջ Ադրբեջանի կողմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է փոխանակել ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղավոր ճանաչված եւ դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում: Օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել էր մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: