20 սեպտեմբերի 2019 - 15:12 AMT
Ծեծկռտուք Վայոց Ձորում պաշտոնյաների ու զինվորականների մասնակցությամբ, ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորի մարզում ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի աշխատակիցների ու զինվորականների մասնակցությամբ։ Դեպքի հետևանքով կան ծանր տուժածներ։

Միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն (Հարություն Գրիգորյանը՝ խմբ․)», - նշել է նա:

Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

«Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,- գրել է Աբրահամյանը:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, սպան տեղափոխվել է հիվանդանոց անգիտակից վիճակում, վիճակը ծայրահեղ ծանր է, վնասվածքներ են ստացել ևս 2 զինվարական։ Կոնֆլիկտին, բացի սպաներից ու ձերբակալված խորհրդականից, մասնակցել է ևս 3-4 հոգի։