20 սեպտեմբերի 2019 - 21:24 AMT
Փաշինյան․ Հեղափոխությունից հետո պետությանը մոտ 51 մլրդ դրամ է վերադարձվել

Հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում վերականգնվել է պետությանը հասցված մոտ 51 մլրդ դրամի վնաս։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի կոռուպցիայի վերաբերյալ քննարկմանը։

«Սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա», - ասել է նա:

«Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի», - շեշտել է վարչապետը։

Փաշինյանը կարևորել է նաև այսօրվա պետական կառավարման համակարգի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարը։