27 սեպտեմբերի 2019 - 18:11 AMT
Երևանն ու Մոսկվան փորձում են հարթել երկաթուղու շուրջ տարաձայնությունները

ՀՀ վերահսկողական մարմինների կողմից Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում առաջացած տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ դեռ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ն մտադիր էր խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ ՀՀ-ում արգելափակվում է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունը, որը ՌԵՈւ-ի դուստր ձեռնարկությունն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ուղիները: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական կողմը մշակում է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար:

Պատասխանելով «Ռուսական երկաթուղու» գործունեությունը հանրապետության տարածքում կասեցնելու հնարավորության մասին հարցին՝ ՏԿԵ նախարարությունից նշեցին, որ առաջ են շարժվում այն կանխավարկածով, որ երկաթուղին հավատարմագրային կառավարման է հանձնված, հետևաբար զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը, գործընթացները կապվում են այդ կազմակերպության հետ:

ՏԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանի խոսքով՝ հայկական կողմը չի դիտարկում որևէ այլ կազմակերպության հետ համագործակցության հնարավորություն, քանի որ երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնված է 30 տարով և այդ կազմակերպության հետ իրականացվում են տարբեր տեսակի միջոցառումներ:

Կոնցեսիոն պայմանագիրը ՀՀ կառավարության ու ուսաստանյան երկաթուղիների միջև կնքվել էր 2008 թվականին 30 տարով՝ 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։ Երկաթուղու շարժակազմը՝ գնացքները, ավելի քան 2000 վագոն, էլեկտրագնացքները, լոկոմոտիվները և այլն, հանդիսանում են ռուսական կողմի սեփականությունը։

2018-ի օգոստոսին Հարավկովկասյան երկաթուղիների գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին՝ մոտ $19 հազար հարկ չվճարելու կասկածանքով: Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրգործ է հարուցվել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, որը թաքցրել էր ՀԿԵ-ում հայտնաբերված չարաշահումները: Բացի այդ, 2018-ին ՔԿ-ն ստուգումներ սկսեց ընկերությունում՝ ստուգելով վերջին 10 տարվա գործունեությունը, 228,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը: