2 հոկտեմբերի 2019 - 11:39 AMT
«Ավրորա» առաջին ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամն (ArmeniaTree Project հայտարարում են, որ 2019թ. հոկտեմբերի 20-ին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն:

Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր:

Ապահով և կայուն ապագա բոլորի համար՝ այս գաղափարն է միավորում երկու կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն խորացնելու իրենց համագործակցությունը և ընդլայնելու համախոհների ցանցը՝ առաջ մղելով տեղական և համաշխարհային հիմնահարցեր: Միասնական ջանքերով երկարաժամկետ լուծումներ կառաջարկվեն համաշխարհային ամենահրատապ խնդիրներին՝ փոխադարձ աջակցությամբ խրախուսելով ավելի շատ մարդկանց ներգրավում:

Այս միջոցառումն անցկացվում է առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը գլոբալ քաղաքացիների համար փոփոխությունների նոր ու նշանակալի հարթակ կդառնա: Այստեղ իրենց դերակատարումը կունենան քաղաքական, գիտական, գործարար և արվեստի ոլորտների համաշխարհային առաջատար դեմքերը՝ հանդես գալով ներկա և ապագա սերունդների համար ամենահրատապ համաշխարհային խնդիրները հաղթահարելու միասնական հանձնառությամբ: Իր տեսակով տարածաշրջանում առաջին այս ֆորումի համահիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին է՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բարեգործական համերգի մուտքը միայն հրավիրատոմս-նվիրատվությամբ է:

Անցած 25 տարվա ընթացքում «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը յուրացրել է Հայաստանում ծառ տնկելու և աճեցնելու արվեստը, հղկել է և կատարելագործել առողջ տնկիներ աճեցնելու իրենց կարողությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու երկրի բնական ռեսուրսները: 1994-ից սկսած «ԷյԹիՓի» հիմնադրամը մոտ վեց միլիոն ծառ է տնկել, որից օգտվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1,200 համայնքներ: Եթե ցանկանում եք աջակցել նախագծին և մասնակցել ծառատունկին, հետևեք այս հղմանը: