4 հոկտեմբերի 2019 - 17:54 AMT
Բողոքի ցույցեր Իրաքում. Տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ կան

Իրաքում անվտանգության ուժերի կողմից բողոքի ցույցերը ցրելու հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են:

Բողոքները սկսվել են հոկտեմբերի 1-ին և չեն դադարում: Որքան կարելի է դատել, ցուցարարներն ինքնակազմակերպվում են, նրանք չունեն առաջնորդ: Ցույցերն ընթանում են հիմնականում Բաղդադում և շիաներով բնակեցված շրջաններում: Նրանք բողոքում են գործազրկության շատ բարձր մակարդակից երիտասարդների շրջանում, պետական ծառայությունների վատ որակից և կոռուպցիայի աճից, հայտնում է BBC-ին:

Հոկտեմբերի 3-ին իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադում անորոշ ժամանակով պարետային ժամ է հայտարարվել: Այն պետք է պահպանեն բոլորը, բացի օդանավակայան մեկնողներից և վերադարձողներից: Բացառություն է արվում նաև շտապ օգնության մեքենաների և ուխտավորների համար: Անվտանգության ուժերն արգելափակել են բոլոր հիմնական փողոցներն ու կամուրջները:

Նաև կտրուկ սահմանափակվել է Ինտերնետի հասանելիությունը: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը՝ վերջինս դիմել է ժողովրդին և հայտարարել, որ կառավարությունը կաշխատի ցուցարարների պահանջների կատարման ուղղությամբ, սակայն չունի «կախարդական միջոց» խնդիրները լուծելու համար:

Իրաքն աշխարհում 4-րդն է նավթի պաշարներով, սակայն 40 մլն բնակչության 22,5%-ը գոյատևում է օրական 2 դոլարով (տվյալները 2014թ. են): Յուրաքանչյուր վեցերորդ ընտանիքում պարենի պակաս է զգացվում: