5 հոկտեմբերի 2019 - 11:27 AMT
Վրաստանն ուզում է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանոմ է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Ըստ նրա, զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազման մասին: Ըստ նախնական հաշվարկների, Վրաստանի զբոսաշրջային հատվածը մոտ 700 մլն դոլարի վնաս է կրել:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ իշԽանությունները հանդես են գալիս ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման և ավիացիոն հաղորդակցության վերականգնման օգտին: Ընդ որում, ըստ նրա, առաջին քայլը պետք է Վրաստանն անի:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ուղիղ չվերթների վերականգնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կկարգավորվեն երկու երկրների հարաբերությունները:

Հուլիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Դադարեցվեցին նաև վրաց ավիափոխադրողների թռիչքները ՌԴ: