7 հոկտեմբերի 2019 - 11:18 AMT
Էրդողանը ռազմական գործողություն կսկսի Սիրիայում. Պենտագոնը չի մասնակցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան ռազմական գործողություն է անցկացնելու Սիրիայի հյուսիում՝ Եփրատից դեպի արևելք ընկած տարածքում: Նա հավելել է, որ գործողության նպատակն է մաքրել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքները սիրիաբնակ քրդերի ինքնապաշտպանական ուժերից, անվտանգության գոտի ստեղծել այնտեղ և տեղակայել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին:

ԱՄՆ աջակցությունն ունեցող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբա-քրդական կազմավորման ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին ի պատախան «տոտալ պատերազմով» է սպառնացել Թուրքիային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է սկսել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:

Վաշինգտոնը հաստատել է, որ Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությունը կսկսվի «շուտով»: «ԱՄՆ ուժերը, որոնք հաղթեցին ԻՊ խալիֆաթին, այլևս չեն լինի անմիջական հարևանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան է պատասխանատվություն կրելու վերջին 2 տարում ԻՊ բոլոր գերեվարված գրոհայինների համար: