7 հոկտեմբերի 2019 - 12:58 AMT
Ավինյան. ՀՀ-ն բանակցում է YouTube-ի տեղայնացման շուրջ

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել YouTube-ը: Այդ մասին WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք այդ ծրագրերը: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայի շուրջ և ոչ միայն YouTube-ի, այլ մեծ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», - ասել է փոխվարչապետը, հայտնում է Aysor.am-ը:

Համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը: Դրա շրջանակում Երևանը 70 երկրից ավելի քան 2500 առաջնորդի, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի է հյուրընկալել՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։

WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։