7 հոկտեմբերի 2019 - 16:14 AMT
Ջոնսոն. Բրիտանիան չի մնա ԵՄ-ում հոկտեմբերի 31-ից հետո

Եվրամիությունում չպետք է «սխալմամբ» կարծեն, թե Մեծ Բրիտանիան կմնա միավորման կազմում հոկտեմբերի 31-ից հետո: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում:

Ջոնսոնը կոչ է արել Մակրոնին ջանքեր գործադրել, այնուամենայնիվ, Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար: Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, ասել է Ջոնսոնին, որ ԵՄ-ում մտադիր են սեղմ ժամկետում որոշել, թե հնարավոր է արդյոք համաձայնագիր կնքել Լոնդոնի հետ, գրում է Deutsche Welle-ն:

«Միշել Բարնյեի գլխավորած թիմի հետ բանակցությունները պետք է կտրուկ ինտենսիֆիկացնել, որպեսզի մինչև շաբաթվա վերջը որոշում կայացվի համաձայնագրի մասին, որը կհամապատասխանի ԵՄ բազային հիմքերին»,-ասել է Մակրոնը:

Ավելի վաղ նույն օրը The Sunday Times-ը գրել էր, որ Ջոնսոնը լի է վճռականությամբ՝ ինչ գնով ուզում է հասնել Brexit-ի և կտրականապես մտադիր չէ հրաժարական տալ: