7 հոկտեմբերի 2019 - 17:22 AMT
Թրամփ. Ժամանակն է, որ ԱՄՆ-ն դուրս գա անհեթեթ ու անվերջ պատերազմներից Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները Սիրիայում: Ըստ սկզբնական պլանի, ասել է Թրամփը, ԱՄՆ զորքերն այնտեղ պետք է մնային 30 օր (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սկսել է ռմբակոծել Սիրիան 2014-ի սեպտեմբերին), գրում է «Կոմերսանտը»:

«Մենք մնացինք և ավելի ու ավելի խրվեցինք առճակատման մեջ, որը ոչ մի տեսանելի նպատակ չունի: Քրդերը կռվում էին մեզ հետ, բայց նրանք դրա դիմաց շատ փող ու հանդերձանք են ստացել: Նրանք տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես 3 տարի զսպում էի այդ առճակատումը, բայց հիմա ժամանակն է դուրս գալու այդ անհեթեթ անվերջ պատերազմներից և մեր զինվորներին տուն վերադարձնել: Մենք կկռվենք միայն այնտեղ, որտեղ մեզ դա շահավետ կլինի և միայն հանուն հաղթանակի»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Մինչդեռ ԵՄ-ում հայտարարել են, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը քրդերի դեմ Սիրիայում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում:

Օգոստոսին ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցում էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Կողմերը պայմանավորվեցին գործողությունների համակարգման կենտրոն ստեղծել: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ եթե Վաշինգտոնը ձգձգի նման գոտու ստեղծումը, Անկարան ռազմական գործողություն կսկսի քրդերի դեմ, որոնց սատարում է ԱՄՆ-ն: