«Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա, որի կառուցումից հետո հնարավոր կդառնա վիրտուալ շրջագայությունը պատմության ու ժամանակի միջով:
Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար:
Ապրիլին Ջոն Դիքրան Բալյանը Երևան էր ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Գործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ: