8 հոկտեմբերի 2019 - 16:28 AMT
Քանյե Ուեսթը՝ Քարդաշյանի հետ ծանոթության մասին. Մագնիսական հակում զգացի

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես են զարգացել իր հարաբերությունները կնոջ՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Նա ասել է, որ մագնիսական հակում է զգացել, երբ առաջին անգամ տեսել է Քիմին:

«Ամեն անգամ, երբ ես նրա կողքին էի, կամ տեսնում էի նրան, զգում էի, որ նրա էներգիան մագնիսի պես ձգում է ինձ»,-ասել է ռեփերը: Նա խոստովանել է, որ շրջապատի մարդիկ խորհուրդ էին տալիս հեռու մնալ Քիմից, գրում է «Միր 24»-ը E!News-ի վրա հղումով:

«Ինձ ասում էին՝ դու չես կարող նրա հետ լինել, նա ռեալիթի շոուի աստղ է, նա կկործանի քո կարիերան: Իսկ ես պատասխանեցի, որ ինձ համար միևնույն է, որովհետև սիրում եմ նրան»,-ասել է Ուեսթը: Նա իր կնոջը բնութագրել է որպես սիրող, լավ, համարձակ ու ուժեղ կին:

Քիմ Քարդաշյանն իր հերթին նույնպես հիշել է ամուսնու հետ ծանոթությունը: Ըստ նրա, նրանք առաջին անգամ հանդիպել են դեռևս 2002-ին: «Քանյեն բոլորին հարցնում էր իմ մասին, բայց նրան ասում էին, որ ես ընկեր ունեմ: Մենք Քանյեի հետ աստիճանաբար սկսեցինք շփվել, իսկ հետո մեր կյանքերը միահյուսվեցին»,-ասել է Քիմը:

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնացել են 2014-ին: Նրանք 4 երեխա ունեն՝ Նորթը, Փսալմը, Սեյնթը և Չիկագոն: