9 հոկտեմբերի 2019 - 13:24 AMT
«Սասնա ծռերի» կոչը՝ ստուգել Վիտալի Բալասանյանի սպառնալիքների իրագործման հավանականությունը

«Սասնա Ծռերը» խիստ մտահոգիչ և տարակուսելի են համարել, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ: Այս մասին ասվել է «Սասնա ծռերի» տարածած հայտարարության մեջ:

«Սասնա ծռերի» խոսքով՝ Վիտալի Բալասանյանը բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:

«Վիտալի Բալասանյանը երեկ դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

«Սասնա ծռերի»գնահատականով՝ այս սպառնալիքները հնչեցվել են, իրենց գնահատմամբ, «5-րդ շարասյան անունից»:

«Սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ: Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բոլորը միասին՝ որպես ազգային շահերի և մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն և ենթարկվեն քրեական հետապնդման»,- ասվել է «Սասնա ծռերի» հայտարարության մեջ:

Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 8-ին, խոսելով «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին: Նա նշել էր, որ իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»: