10 հոկտեմբերի 2019 - 17:59 AMT
Ռուանդայում ներկայացրել են Աֆրիկայում պատրաստված 1-ին սմարթֆոնները

Ռուանդայում գործող Mara Group ընկերությունը ներկայացրել է 2 սմարթֆոն, որոնք ամբողջությամբ Աֆրիկայում են պատրաստված: Mara X և Mara Z մշակումները «Արտադրված է Ռուանդայում» պետական նախաձեռնության մաս են կազմում: Այդ մասին ասել է երկրի նախագահ Փոլ Կագամեն, գրում է TJ-ն տեղական New Times-ի վրա հղումով:

1994 թվականին երկիրը հիմնահատակ ավիրվեց մոտ 1 մլն կյանք խլած տուտսիների ցեղասպանության ու զուգահեռ ընթացած քաղպատերազմի հետևանքով։ Պատերազմի ավարտից հետո Ռուանդան սկսել է վերականգնել երկիրը՝ վերջին տարիներին կատարելով ներդրումներ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Աֆրիկայն ընկերությունները սմարթֆոններ են հավաքում Եգիպտոսում, Եթովպիայում, Ալժիրում և ՀԱՀ-ում, սակայն ներմուծում են բաղադրիչները, ասել է Mara Group-ի ղեկավար Աշիշ Թաքքարը: Նրա գլխավորած ընկերության գործարանն առաջինն է Աֆրիկայում, որտեղ հեռախոսները ոչ թե հավաքում են արդեն պատրաստի մասերից, այլ ստեղծում են զրոյից:

Թաքքարը պատմել է, որ գործարանի կառուցման համար ծախսվել է 50 մլն դոլար, այն կարող է օրական 10, 000 հեռախոս արտադրել:

Mara X-ն բյուջետային մոդելն է, սմարթֆոնի գինը 130 դոլար է, այն ունի МТ6739 4 միջուկանի պրոցեսոր, 16 Գբ օպերատիվ հիշողություն, 5,5 դյույմանոց էկրան, 13 և 5 մեգապիկսելանոց տեսախցիկներ: Իսկ Mara Z-ը 60 դոլարով ավելի թանկ է՝ այն ավելի մեծ էկրան ունի և 32 Գբ ներկառուցված և 3 Գբ օպերատիվ հիշողություն:

Երկու սմարթֆոններն էլ աշխատում են «մաքուր» Android 8.1-ով: