11 հոկտեմբերի 2019 - 12:38 AMT
ՀՀ-ն և Ուզբեկստանը մտադիր են միջկառավարական հանձնաժողով ձևավորել

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպմանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանը և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումն է՝ անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։

Շավքաթ Միրզիյոևը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է ՀՀ հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։

Համաձայնելով Շավքաթ Միրզիյոևի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։

Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Կիսվելով իր դրական տպավորություններով Հայաստանում ընթացող մասշտաբային բարեփոխումների ընթացքի առնչությամբ՝ Ուզբեկստանի նախագահը ծավալուն անդրադարձ է կատարել Ուզբեկստանում գյուղատնտեսության, արտաքին առևտրի, տնտեսության այլ ճյուղերում ընթացող փոփոխությունների գործընթացին։ Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում է, որի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: