11 հոկտեմբերի 2019 - 12:58 AMT
Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության: Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է Ստեփանակերտում մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում, որտեղ հանդես է եկել բացման խոսքով:

Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները:

«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը:

Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում:

Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,-ասել է Սահակյանը:

Նա հավելել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները: «Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:

Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը»,-ասել է Արցախի նախագահը:

Նա նշել է, որ անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական, և վստահություն հայտնել, որ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք:

Բակո Սահակյանը համաժողովին մաղթել է արդյունավետ աշխատանք: