14 հոկտեմբերի 2019 - 13:37 AMT
NYT. ԱՄՆ-ն չի հասցրել տարհանել Սիրիայից ԻՊ 50 կալանավոր ահաբեկչի՝ արժեքավոր տվյալներով

ԱՄՆ-ն Սիրիայում թուրքական ռազմական գործողության մեկնարկի պատճառով չի հասցրել տարհանել քրդերի կողմից հսկվող բանտերում պահվող «Իսլամական պետության» մոտ 50 ահաբեկչի: Այդ մասին հայտնել է The New York Times թերթն իր աղբյուրների վրա հղումով: Պարբերականը պարզաբանում է, որ արժեքավոր տեղեկատվություն ունեցող կալանավորները «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի պահպանության տակ էին:

Թերթի զրուցակիցները պարզաբանել են, որ մի քանի հարյուր գրոհային, օգտվելով խուճապից, փախել է ժամանակավոր պահպանության կենտրոնից Սիրիայի նույն շրջանում: Ահաբեկիչների ընտանիքների մոտ 700 անդամ ևս փախել է ժամանակավոր տեղահանված անձանց ճամբարից երկրի հյուսիսում: Հրապարակման մեջ թվարկվում են Այն Իսա, Քոբանի, Հասեկե և Ղամիշլի քաղաքների բանտերն ու կալանավայրերը, որտեղ ընդհանուր առմամբ 11,000 մարդ է պահվում, այդ թվում 9000 սիրիացի և իրաքցի, ինչպես նաև 2000 կալանավոր մոտ 50 երկրից, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը տարհանել է Սիրիայից 2 առանձնապես վտանգավոր գրոհայինի, որոնք հայտնի են որպես Beatles: Խոսքը բրիտանացի Ալեքսանդր Կոտի և Աշ Շաֆի Էլշեյխի մասին է: Նրանց վերագրվում են տասնյակ գերիների հանդեպ հաշվեհարդարները:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: