14 հոկտեմբերի 2019 - 15:20 AMT
Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել իր հարցով ՍԴ նիստի անաչառությունն ապահովելու համար

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մի քանի օրով արձակուրդ է վերցրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա նշել է, որ Հրայր Թովմասյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստի անաչառությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին արձակուրդում է, հայտնում է Aysor.am-ը։

Գյուլումյանն ասել է նաև, որ Հրայր Թովմասյանի հետ այս հարցի առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել։

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

Սահմանադրական դատարանի նախագահը իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական է որակում, նախաձեռնության հեղինակ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է՝ այն իրավական է։

Ավելի վաղ ;որհրդարանում քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել:Պատգամավորը հիշեցրել է, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ` նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից: