15 հոկտեմբերի 2019 - 10:18 AMT
ՔԿ. «Հայելիի» գործունեությանը խոչընդոտելու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոկտեմբերի 5-ին քաղաքացիներ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, եկել են «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի մոտ, որտեղ ձվերով հարվածել են փակ գրասենյակի դռանն ու պատերին և Իլհամ Ալիևի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վերջինիս քույր Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրել այնտեղ։

Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։