15 հոկտեմբերի 2019 - 10:46 AMT
Սանասարյանին մեղադրել են երեխայի վրաերթի մեջ, նա զրպարտություն է որակում մեղադրանքը

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ոչ մի երեխայի վթարի չի ենթարկել: Այս մասին Սանասարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 14-ին Analitik.am կայքը «Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային. Տեսանյութ» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե վրաերթից հետո Սանասարյանը «որևէ բան չի ձեռնարկել»: Սանասարյանը դա զրպարտություն էր որակել, ինչից հետո կայքը տեղադրել էր փակ դեմքով երեխայի ու մոր հարցազրույցը, որտեղ վերջիններս պնդում են, որ Սանասարյանը վրաերթ է կատարել, մայրը տարել է երեխային հիվանդանոց, ուր քույրերը սկսել են պահանջել, որ նա գրի՝ վրաերթ չի եղել։ Ըստ ծնողների՝ երեխան առողջական խնդիրներ ունի, ֆիզիոթերապիայի պահանջ ունի և պետք է պարապի կրկնուսույցի հետ, որ դպրոցից հետ չընկնի։ Սանասարյանը, սակայն, պնդել է, որ նա չէ մեղավոր տեղի ունեցածում, ու երեխան է եկել-ընկել մեքենայի վրա, և հրաժարվել է օգնել՝ չհաշված հիվանդանոցում ռենտգենի 4000 դրամ փողը վճարելը։

«Շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա»,- գրել է Սանսարյանը:

Նրա խոսքով, կինը հաջորդ շաբաթ կրկին զանգել է և ասել, որ ևս մեկ ստուգման կարիք կա, այդ ժամանակ ևս բժիշկները, ըստ Սանասարյանի, որևէ խնդիր չեն հայտնաբերել: «Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով՝ ինքը հետաքրքրվել է երեխայի որպիսությամբ, բայց հրաժարվել է գումար տրամադրել, ինչից հետո իրենից պահանջել են այլևս չհետաքրքրվել երեխայի որպիսությամբ: Սանասարյանը պնդել է, որ վրաերթ չի եղել, այլապես կինը ոստիկանություն կդիմեր: Նա նշել է, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով:

Ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ մասին ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»։