15 հոկտեմբերի 2019 - 11:43 AMT
Հայ սակրավորների նոր խումբը մեկնել է Սիրիա

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին մեկնել է Սիրիա:

Խումբը տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն ռուս գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

2019-ի փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը (ընդհանուր` 83 հոգի) մեկնել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: