15 հոկտեմբերի 2019 - 12:12 AMT
ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափ ապահովում է պետք

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:

Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2019-ի սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: