15 հոկտեմբերի 2019 - 12:35 AMT
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կգործակցի Dubai Internet City-ի հետ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) կհամագործակցի Dubai Internet City-ի հետ: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուբայում կայացած GITEX տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում, որին մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

GITEX տեխնոլոգիական շաբաթն անցկացվել է հոկտեմբերի 6-10-ը: Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԵ) գործող տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ՝ Ինժեներական քաղաքի հետ համագործակցություն մեկնարկելու նպատակով։

Ամալյա Եղոյանը հանդիպել է տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական բիզնես գոտի համարվող Dubai Internet City-ի կառավարող նախագահ Ամմար Ալ Մալիկի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի կկազմակերպվի Ինժեներական քաղաքում գործող տեխնոլոգիական ընկերությունների այց Dubai Internet City, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

GITEX-ի շրջանակում Ամալյա Եղոյանը ներկա է գտնվել նաև Աֆրիկյան պետությունների ներդրումային ֆորումին, հանդիպումներ ունեցել Նիգերիայի հաղորդակցության նախարար Իսա Ալի Իբրահիմի հետ։ Վերջինս ցանկություն է հայտնել համագործակցություն սկսել Ինժեներական քաղաքի հետ՝ ինժեներական կրթության և հետազոտական նախագծերի, և հատկապես Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) մոդելը Նիգերիայում կիրառելու քայլերի շուրջ։

Սաուդյան Արաբիայում գործող Advanced Electronics Company-ի հետ էլ պիլոտային նախագծեր իրականացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Արաբական երկրների հետ տեխնոլոգիական և հատկապես ինժեներական ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ են առկա: Կարծում եմ, GITEX Technology Week-ում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն դրանց շուտափույթ իրականացմանը»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

GITEX Technology Week-ը աշխարհի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական միջոցառումներից է։ 2019-ին այն ունեցել է շուրջ 250 խոսնակ, հազարավոր մասնակիցներ։ Քննարկվող թեմաների շարքում էին 5G տեխնոլոգիաները, առողջապահությունը, արհեստական բանականությունը, մարքեթինգը և այլն։

Միջոցառման շրջանակում Դուբայում են հավաքվում համաշխարհային բրենդները, նոր տեխնոլոգիաներ ստեղծողները, ինչպես նաև գլոբալ առաջնորդները՝ քննարկելու տեխնոլոգիական վերջին միտումները և ձեռք բերելու նոր գործընկերներ։