Առնվազն 131 մարդ է տուժել Կատալոնիայի անկախացման կողմնակիցների բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է El Pais-ը: Ըստ թերթի, հիմնականում ցուցարարները տուժել են Բարսելոնայի օդանավակայանում:
Հոկտեմբերի 14-ին Բարսելոնայի մի քանի հազար բնակիչ երթով շարժվել է դեպի օդանավակայան և արգելափակել այն ի նշան բողոքի Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռի դեմ, որով Կատալոնիայի անկախացման առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման:
Ոստիկանները բազմիցս ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Անկախացման կողմնակից կազմակերպություններից մեկը կոչ է արել կաթվածահար անել օդանավակայանի առաջին տերմինալի աշխատանքը: Ավելի քան 100 չվերթ չեղարկվել է, քանի որ դեպի օդանավակայան տանող ճանապարհները փակ էին, գրում է ՏԱՍՍ-ը:
Ցուցարարները որոշ փողոցներ էին փակել նաև Բարսելոնայում:
Բողոքի ակցիաներ են անցել Կատալոնիայի բոլոր մեծ քաղաքներում՝ հանգեցնելով ցուցարարների և ոստիկանության բախումների: 3 ձերբակալված կա: Ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի և Ֆիգերասի միջև:
Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները:
2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: