15 հոկտեմբերի 2019 - 16:04 AMT
Արտաշատում թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի: Աշակերտները տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանն ասել է, որ սկզբում աշակերտների թիվը 20-ն է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, թիվը հասել է 23-ի:

Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից: Երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում:

Երեխաների մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, նրանից մի քանիսն էլ՝ հոթ դոգ և խաչապուրի: «Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց»,- նշել է Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ երեխաների մոտ դրական դինամիկա կա:

Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: