Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը, հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից, հայտնում է Aysor.am-ը։
«Գործընկերոջս հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը,
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել էն տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության թեմայով։
«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է», - ասել է Վրաստանի վարչապետը։
Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանից։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։ Գեորգի Գախարիան 2017 թվակասին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։