16 հոկտեմբերի 2019 - 13:14 AMT
ՊԵԿ նախագահ. Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ է գործում։

«Ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով «Սանիթեքի» հարցին՝ պաշտոնյան շեշտել է, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, իրենք կարծում են, որ այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ԱԱՀ դաշտում։

«Իրենք մեզ հետ պայքարի մեջ մտան՝ փորձելով ապացուցել, որ 2018 թվականին ևս իրենք պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում։ Դա եղել է գաղափարների մարտ, որը մեզ համար ընդունելի չէր։ Մենք հաշվարկներ կատարեցինք և քրեական գործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է», - ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, ՊԵԿ-ը 2 հիմնական խնդիր պետք է լուծի: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը»,-ասել էր նա: :