16 հոկտեմբերի 2019 - 14:26 AMT
Պոպով. Մնացականյան-Մամեդյարով նոր հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ) լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին, Բրատիսլավայում:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների համաձայնության դեպքում, նախատեսում ենք. այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք` կազմակերպելու այդ հանդիպումը»,-մասնավորապես ասել է Պոպովը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նա նշել է, որ Ստեփանակերտում շարունակվել է այն խոսակցությունը, որն ունեցել են Երևանում: Նրա խոսքով՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:

«Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը` Ադրբեջան է, Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: