16 հոկտեմբերի 2019 - 15:43 AMT
Զոհված ոստիկանը հետմահու «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով է պարգևատրվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով իրենց ծառայողական պարտքը կատարելիս հոկտեմբերի 16-ին զոհված Ոստիկանության Պետական Պահպանության Գլխավոր Վարչության ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Հաշվի առնելով իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկանների, պետական ծառայողների նկատմամբ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիությունը, հետագայում նման հնարավոր դեպքերի կանխման հրամայականը՝ դեպքի առթիվ քրեական վարույթի հարուցման առաջին իսկ պահին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատախազական ողջ գործիքակազմի կիրառմամբ, օրենսդրությամբ նախատեսված իրավասությունների սահմաններում, հետամուտ լինել դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանը, հանցագործությունը կատարած անձանց մեղավորությունը հաստատող ապացույցների հնարավորինս օպերատիվ ձեռքբերմանը, դրա հիման վրա, համարժեք սանկցիաների շրջանակներում խստագույն պատժողական վերաբերմունքի դրսևորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։