17 հոկտեմբերի 2019 - 10:38 AMT
Թովմասյանի դեմ հաղորդման հիմքով պաշտոնատարների կողմից իշխանությունը յուրացնելու քրգործ կա

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Ըստ Արման Բաբաջանյանի հաղորդման, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Բաբաջանյանն իր հաղորդման մեջ գրել էր, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։ Ըստ նրա, Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է ՍԴ նախագահի պաշտոնում նրան նշանակելու գործընթացը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: