17 հոկտեմբերի 2019 - 11:23 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել է հայերի հանդեպ ռասիզմի առկայությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անուղղակիորեն խոստովանել է իր երկրում հայերի հանդեպ ռասիստականվերաբերմունքի փաստը, անկախ քաղաքացիությունից՝ հայտարարելով, որ Ադրբեջան այցելող հայերի հետ տարբեր էքսցեսներ կարող են լինել:

«Իզվեստիային» տված հարցազրույցում դիվանագետը մեկնաբանել է բազում փաստերը, երբ ռուսաստանաբնակ հայերին կամ հայկական ազգանուն կրողներին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն, նրանք պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ խուսափելու համար ղարաբաղյան հակամարտության պատճառով երկրում առկա «էմոցիոնալ ֆոնից»:

«Մենք ասում ենք. եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ադրբեջան այցելել, ապա, ի սեր Աստծո, թող գան: Բայց պետք է նախապես տեղեկացնեն առնվազն մեր դեսպանատանը, քանի որ ՌԴ հետ գործում է առանց վիզաների ռեժիմը, սակայն նախապես ստացված տեղեկատվությունը թույլ կտա խուսափել որևէ էքսցեսից՝ հաշվի առնելով այն էմոցիոնալ ֆոնը, որ կա Ադրբեջանում հակամարտության առումով: Մենք մշտապես բավականին անկեղծ ենք խոսում այդ մասին ռուսական կողմի հետ»,-հայտարարել է Մամեդյարովը:

Ավելի վաղ ՌԴ քաղաքացի Քրիստինե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նա 13 ժամ է անցկացրել Բաքվի օդանավակայանում՝ «տեղեկատվական և այլ մեկուսացման մեջ, նյարդային վիճակում»: Նա մտադիր էր ամանորյա արձակուրդն անցկացնել Ադրբեջանում, սակայն, նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Գևորգյանը հայտնել է նաև, որ իրենից բացի ևս 2 ընտանիքի թույլ չի տրվել մուտքը երկիր անդամներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի ԱԳՆ-ն դա որակել էր որպես «մասնավոր դեպքն ուռճացնելու փորձ»: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նման մոտեցումը հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների հանդեպ անթույլատրելի է:

2017-ին ՌԴ քաղաքացի Վիկտորիա Ագոյանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, ուր նա ժամանել էր ուսանողական խմբի հետ որպես զբոսաշրջիկ: Մուքտը երկիր արգելվել էր նրան հայկական ազգանվան պատճառով:

2016-ի մայիսին հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, առկա են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու երեխան հավանաբար ևս` 8 տարեկան երեխան»,-գրել էր վրդովված մայրը:

2011-ի հունիսին Bloomberg-ի ֆոտոլրագրող, ԱՄՆ և ՌԴ քաղաքացի Դիանա Մարկոսյանն արտաքսվել է Բաքվից Ստամբուլ հայկական ազգանուն ունենալու պատճառով: