17 հոկտեմբերի 2019 - 13:58 AMT
Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան ՀՀ-ում չէ

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Քննչական կոմիտեն հաստատել է դա:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն ասել է, թե վկան խոստացել է մի քանի օրից վերադառնալ: հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այո, այս պահին չի գտնվում երկրում», - ասել է Հարությունյանը:

«Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց դեպքում»,-ասել է նա:

«Նշեմ, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա երկիր», - հավելել է Քննչական կոմիտեի խոսնակը:

2019 թվականի սեպտեմբերի 23-ին հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով վկա Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ ՔԿ հաղորդագրության, մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են զլմ-ներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեղադրել է ՀՔԾ պետին ու Գլխավոր դատախազին իրենից Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք կորզելու փորձերի մեջ։