18 հոկտեմբերի 2019 - 15:06 AMT
ԱԱԾ. Անհրաժեշտ էր բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից

ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այդ մասին ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը և դուստրերը: Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցները նաև այցելել են Հրայր Թովմասյանի հորը և հարցեր ուղղել նրան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանն իր հաղորդման մեջ գրել էր, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։ Ըստ նրա, Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է ՍԴ նախագահի պաշտոնում նրան նշանակելու գործընթացը: