18 հոկտեմբերի 2019 - 16:55 AMT
Samsung Galaxy S10-ը կարելի է արգելաբացել ցանկացած մատնահետքով

Samsung կորպորացիայում խոստովանել են, որ ցանկացած մատնահետքով կարելի է արգելաբացել Galaxy S10 սմարթֆոնը: Ընկերությունը խոստացել է ծրագրային ապահովում թողարկել, որը կարող է շտկել այդ բացը: Խոցելիության մասին հայտնի դարձավ շնրոհիվ մի բրիտանուհու, որի ամուսինը կարողացել էր արգելաբացել նրա հեռախոսն իր մատնահետքով, գրում է BBC-ին:

Լիզա Նիլսենը պաշտպանիչ գելային թաղանթ էր գնել հեռախոսի համար eBay-ով, սքանավորել էր իր աջ ձեռքի բթամատը և հետո հայտնաբերել, որ կարողանում է արգելաբացել հեռախոսը նաև ձախ ձեռքի բթամատով: Նա խնդրել էր ամուսնուն արգելաբացել իր հեռախոսը և ամուսինը կարողացել է դա անել երկու ձեռքով:

Ամուսինները փորձել են նաև այլ հեռախոսով, նույնպես պաշտպանիչ թաղանթ փակցնելով, և արդյունքը նույնն է եղել:

Մարտին Samsung-ը, ներկայացնելով Galaxy S10-ը, հեղափոխական անվանեց մատնահետքով նույնականացման տեխնոլոգիան, քանի որ օգտագործվում է 3D մատնահետքերի նույնականացման տեխնոլոգիան:

Samsung կորպորացիան հայտարարել է, որ իրազեկ է խնդրին և կշտկի այն:

Սմարթֆոնի աշխատանքի մասին նախորդ զեկույցներում ենթադրություններ կային, որ հեռախոսների համար նախատեսված որոշ պաշտպանիչ թաղանթներն անհամատեղելի են Samsung-ի սքանավորման ցուցիչի հետ՝ մնում է մի փոքր օդային շերտ, ինչը խանգարում է ճշգրիտ սքանավորմանը: