18 հոկտեմբերի 2019 - 17:29 AMT
Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում պատասխանել է տանիքի մասին հարցերի, դուստրերից մեկը տեղյակ չէ՝ ինչու է կանչվել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ-ում հոկտեմբերի 17-ին հարցրել են, թե երբ է իր տան տանիքը վերանորոգել, իսկ հոկտեմբերի 18-ին այդ հարցի մասին գրավոր պարզաբանումներ են տրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին կանչել էին ոչ թե հարցաքննության, այլ՝ քրգործի հարուցման նախնական փուլի համար: «Մենք գտնում ենք, որ այս նյութերի նախապատրաստումը, նաև երեկ հրապարակումներ եղան, որ հարուցվել է քրգործ՝ ՀՔԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, դրանք ուղղված են բացառապես Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունները կասեցնելուն, նաև ընդհանուր ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ, շատ ակնհայտ է»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մակինյանը:

Փաստաբանը նշել է, որ ԱԱԾ են կանչվել նաև Թովմասյանի դուստրերը: Նրանցից մեկն ԱԱԾ-ում է, մյուսը՝ Գոհար Թովմասյանը, factor.am-ի փոխանցմամբ, սպասում է իր հարցաքննությանը և հայտնել է, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում են իրեն կանչել, քանի որ իր ստացած ծանուցագրում այդ մասին տեղեկություններ չեն եղել: Թեմային անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկվել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։

Հոկտեմբերի 17-ին Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին կանչել են ԱԱԾ: Նույն օրը ԱԱԾ աշխատակիցները նաև այցելել են Հրայր Թովմասյանի հորը և հարցեր ուղղել նրան: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ից հաղորդագրությամբ հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

Ըստ ԶԼՄ-ի՝ Թովմասյանի մերձավորների անունով գրանցված են անշարժ և շարժական գույք, որոնք փաստացի պատկանում և տնօրինվում են ՍԴ ղեկավարի կողմից: Նշվում է նաև, որ Թովմասյանի աղջիկները իրենց մորաքրոջ աղջկա կողմից ստացել են նվեր՝ ավտոկայանատեղի և ավտոմեքենա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Ըստ Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է ՍԴ նախագահի պաշտոնում նրան նշանակելու գործընթացը: