18 հոկտեմբերի 2019 - 17:33 AMT
Կադաստրի պետ. Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը

Կադաստրի կոմիտեի ղեկավարը Սարհատ Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել վարչապետին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը»,-ասվում է գրառման մեջ։

Պետրոսյանը նաև նշել է, որ այնուամենայնիվ, ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար իր համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան է եղել:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաև բոլոր գոծընկերներին, աշխատակիցներին և այլոց։

«Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ»,-ասվում է գրառման մեջ:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար 2018-ի օգոստոսին: