21 հոկտեմբերի 2019 - 11:19 AMT
5 զոհ 2 ՃՏՊ-ից՝ մեկ գիշերում

Մեկ գիշերվա ընթացքում՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան և հոկտեմբերի 21-ի 01:28-ին 2 ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) և Վահե Վ.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ Արայիկ Բ.-ին (ծնված 1993 թ.) և Գեղամ Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավոտոմեքենայից դուրս են բերել ուղևորի՝ Գոռ Գ.-ի և անձը չպարզված քաղաքացու դիերը: