21 հոկտեմբերի 2019 - 11:37 AMT
ԵՄ-ն դատապարտել է Բաքվում անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների հանդեպ

Եվրամիությունը դատապարտել է Բաքվում չարտոնված հանրահավաքի ցրումը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին բիրտ և չհրահրված ուժ կիրառելու մեջ: Այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Հանրահավաքը ցրելու և մասնակիցների ձերբակալության համար անհամաչափ և չհրահրված ուժ է կիրառվել: Այդ միջադեպերը պետք է հետաքննել, մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 19-ին Բաքվում ցրել են ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի չարտոնված հանրահավաքի փորձը: 60 մարդ ձերբակալվել է: Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը զգուշացրել էին, որ ընդդիմության հակաիրավական գործողությունները կասեցվելու են, իսկ իրավախախտները քրեական պատասխանատվության կենթարկվեն: