22 հոկտեմբերի 2019 - 10:37 AMT
ԱԳՆ. Հայ-բրիտանական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու նախադրյալներ կան

Հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար կան բոլոր նախադրյալները: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ հանդիպմանը:

Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում է աշխատանքային այցով:

Մնացականյանը վստահությամբ նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը նշել են ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորել են նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Մտքեր են փոխանակվել երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը: