22 հոկտեմբերի 2019 - 11:32 AMT
Վարչապետ. Մինչև 2019-ի ավարտը մոտ 500 հզր տնկի պետք է տնկվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովում, հայտարարել է, որ Հայաստանը տևական ժամանակ է կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ:

Վարչապետը, կարևորելով Հայաստանում անտառվերականգնման գործընթացը, հավելել է, որ կառավարությունը 424 միլիոն դրամ է հատկացրել մինչև 2019-ի ավարտը 140 հա տարածքի վրա մոտ 500 հազար տնկի տնկելու համար:

«Անտառային տարածքների կենսունակության անկման երևույթը ծնվել է ՀՀ անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, դրան որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է կլիմայի փոփոխության գլոբալ միտումը»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»։