22 հոկտեմբերի 2019 - 13:52 AMT
Մակունց. Թովմասյանի հարցով ՍԴ որոշումն ԱԺ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք էր

Սահմանադրական դատարանը խորացրել է իր նկատմամաբ եղած վստահության ճգնաժամը: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելուն։

Մակունցը նշել է, որ Սահմանադրական դատարանը, ըստ էության, չի տվել պատասխան Ազգային ժողովի կողմից հնչեցված այն հարցադրումներին կամ մտահոգություններին, որոնք պետք է հաստատվեին, հաղորդում է aysor.am-ը:

«Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Փոխարենը Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պարզապես թողնում է առկախված, դրանով ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն անարձագանք չի մնա», - ասել է Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր և իրենք իրենց առջև խնդիր չէին դրել լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:

«Շարունակելու ենք այն պլանը, որը ներկայացված է արդարադատության կողմից ներկայացված ռազմավարական փաթեթով, միևնույն ժամանակ ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն նախարարության կողմից ներկայացված փաթեթով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, դատավորների նկատմամբ վստահույթունը վերականգնելու ուղղությամբ», - ասել է Լիլիթ Մակունցը։

Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության նախագիծը` Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին դիմումը, որտեղ 4 հիմք էր ներկայացված Թովմասյանի պաշտոնանկության համար։ Հոկտեմբերի 14-ին ՍԴ-ն մերժել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին ԱԺ դիմումը: