22 հոկտեմբերի 2019 - 15:49 AMT
Պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացում. Կո՞ղմ եք, թե դեմ (հարցում)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը մեծ աղմուկ է հանել հանրության շրջանում և տարբեր գնահատականների արժանացել:

Ավելի վաղ «Հետք»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, ասել է, որ խորհրդարանը, ի դեմս իրենց, միջոցներ կձեռնակի այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար. «Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի մասին»։

«Ապշած եմ, որ երեկվանից այս ինֆորմացիան տարածվում է, իսկ կառավարությունից որևէ ձայն չկա»,- ասել է պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի մասին, ասել է, որ որևէ մտահոգություն չունի այդ առումով: Ըստ նրա՝ «կառավարության հարցուպատասխանի ժամանակ այդ հարցին կպատասխանի կառավարության ներկայացուցիչը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը համարում է անազնիվ։ Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:

Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք»,-ասվում է նրա գրառման մեջ:

«Իմ քայլը» խմբակցության պատագամվոր Լուսինե Բադալյանը մանրամասն տեղյակ չէ գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման թեմային։ «Թե ինչու է արվել գաղտնի, այս մասով ուղղակի տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ հաստատ վարչապետը կունենա մեկնաբանություն։ Դա չէր լինի ուղղակի քմահաճույք, արագ որոշում, որն ընդունել է վարչապետը, հավանաբար, դրա համար ծանրակշիռ պատճառներ եղել են», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Լուսինե Բադալյանը նշել է, որ այդ հարցով պարտավոր են պարզաբանումներ ստանալ։

«Հետք»-ը նաև գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը պատասխանել է. «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։